Բրյուսելում հնչած հայտարարություններն ամրապնդեցին այն մտահագությունները, որոնք վերջին ամիսներին առկա են հանրության մոտ։ Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադբեջանական օրակարգով: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ, Փաշինյանի կուսակից պատգամավորի՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին, վկայում են, որ Արցախը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը. «Երբ հայտարարության մեջ նշվում է էթնիկ հայ բնակչության անվտանգության ապահովման մասին, դա որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, անկախության հետ։ Դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության հանձնում։ Այսօր 100-110 հազար հայի ճակատագիրը, ֆիզիկական գոյությունը սպառնալքի տակ է»,-ասաց նա։

Պատգամավորն արձանագրեց, խոսքը միայն Արցախի մասին չէ,  սա պայքար է նաև ու առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար։

«Հնչող հայտարարություններից դատելով՝ առաջիկայում կենսունակ Հայաստան չի լինելու, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, այս օրերին որոշվում է այս տարածաշրջանում հայի ֆիզիկական ներկայության հարցը։ Սա խաղաղության օրակարգ  չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է։  Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ուղղակի հանձնվել։ Սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է, քանի որ այս քայլերը բերելու են Հայաստանի ինքնուրույնության,  սուբյեկտայնության վերացմանը, հայի ֆիզիկական գոյության ապահովման անհնարինության։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին, ուղղակի հիմարություն է։ Այս գործընթացը բերելու է Հայաստանի վիլայեթացմանը, պետականության կորստին, զանգվածային արտագաղթի»,-ասաց նա։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը: