Հունիսի 22-ին Երևանում կայանալիք Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթաժողովը կքննարկի 5 գլխավոր թեմա, այդ թվում՝ ոլորտի ամենաարդիական հարցերից մեկը. «Ձեռքբերումները և միաձուլումները (M&A), որպես հայկական ստարտափ էկոհամակարգի աճի և հասունացման արագացման միջոց»:

Գագաթաժողովի կազմակերպիչներն ու դրա շուրջ համախմբված գործընկերները նպատակ են դրել M&A-ի միջոցով համաշխարհային ազդեցության հասնել, նպաստել Հայաստանի ՀՆԱ-ի աճին, հաջողության մոդել ստեղծել զարգացող մյուս շուկաների համար: Բարձր ներուժ ունեցող հայկական ստարտափ էկոհամակարգում գրանցված են շուրջ 2500 ընկերություններ, որոնք լավ հիմք են շուկայի համախմբման և ավելի շատ «միաեղջյուր» ընկերություններ ստեղծելու համար: Միաձուլված կամ խոշորացած ընկերություններն ավելի մրցունակ կարող են լինել համաշխարհային շուկայում:

Հարցի վերաբերյալ «Adobe -Երևանի» Տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը կներկայացնի համաշխարհային այս հսկայի արագ աճի փորձը՝ M&A-ի միջոցով: «Adobe»-ն սպառողական ծրագրերի համաշխարհային բրենդ է: Ընկերության ամենահայտնի պրոդուկտներն են Photoshop-ը, Acrobat-ը, Creative Cloud-ը: Տասնամյակների ընթացքում «Adobe»-ն ձեռքբերման միջոցով ինտեգրել է բազմաթիվ ընկերությունների, որոնք ընդլայնել են ընկերության պորտֆելը՝ նոր շուկաներում մրցակցելու, թվային մեդիա ու թվային մարքեթինգային բիզնեսներն արագացնելու հնարավորություն տալով: Միաձուլումների և ձեռքբերումների թեմայով իրենց դիտարկումները կներկայացնեն նաև աշխարհի առաջատար այլ ընկերություննների ներկայացուցիչներ. «EY -Հայաստանի» Հարկային ծառայությունների տնօրեն Կամո Կարապետյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը և այլն:

Պանելային քննարկումից անմիջապես հետո կբացվի M&A Fair (տոնավաճառ)՝ «Նպաստել հայկական շուկայի աճին» խորագրով: BAJ Accelerator ծրագրի անդամ հայկական ընկերությունները կներկայանան միաձուլումների և ձեռքբերումների իրենց պլաններով: