Մենք այսօր առավոտյան ժամը 8–ին կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով ցուցարարներին:

«Մենք՝ պատգամավորներով, մտանք ԱԳՆ շենք, առաջին բանը որ պետք է ասեմ՝ հաշված մարդիկ էին այնտեղ, այն շենքը որ միշտ լեփ–լեցուն է, մարդ չկար և դա ձեր շնորհքն է։ Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ հարց բարձրաձայնելու՝ կա՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք երկու փոխնախարարի, երկուսի մեկից փորձում էր ասել, չկարողացավ, վախեցավ, մյուսն ասաց, որովհետև, ժողովուրդ ջան, Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, մենք չեն ասում, որ դա մեծ խումբ է, չենք ասում, որ չկան արժանապատիվ մարդիկ, իրական պետական ծառայողներ, ուղղակի կա մեկ անձ, ով տանում է Հայաստանն ու Արցախը զիջումների։  Թույլ չենք տալու»,–ասաց Վարդևանյանը։

Նա ասաց, որ հերթական անգամ կարմիր բերետավորներից ոմանք որոշակի գործողություն էր փորձել կատարել ցուցարարների նկատմաբ, որը չի հաջողվել ու կրկին ժողովրդի շնորհիվ։

Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»: Նա առաջարկեց  5 րոպեից բացել շուրջ 3 ժամ շրջափակած ԱԳՆ մուտքերը, այնուհետև երթով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ։

«Երեկոյան կարևոր ծրագիր ունենք»,- ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Ինչ-որ պահի ԱԳՆ դիմաց նաև քաշքշոց ու հրմշտոց եղավ քաղաքացիների ու ոստիկանների միջև։