Լոռու մարզի Օձուն համայնքում երեկ՝ մայիսի 23-ին, տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղացիների 80-ից 90 տոկոս բերքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։

Նա նշեց, որ կարկուտն ավելի շատ վնասել է գյուղի վերեւի հատվածների բերքը. «Ներքեւի հատվածներում համեմատաբար ավելի թույլ է եկել։ Հատվածներ կան, որ մշակաբույսերի ու ծառերի 80-ից 90 տոկոս վնասել է։ Գյուղում հիմնականում բերքատու ծառեր են՝ տանձենի, խնձորենի։ Մշակաբույսերից եգիպտացորեն էր դուրս եկել, դա է վնասվել, կարտոֆիլն է վնասվել. բոլորի սածիլները վնասվել են»։

Համայնքապետի խոսքով՝ վնասը կրել են գրեթե բոլոր գյուղացիները. «Ես մարզպետարանին հայտնել եմ այդ մասին, ասացին՝ փոխհատուցման տարբերակ չունենք»։

NEWS.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց՝ ինքը ծանոթ է խնդրի մասին. «Մենք ուսումնասիրելու ենք եւ վնասի չափը ներկայացնելու ենք ՏԿԵ նախարարություն»։