Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ (ավելի քան 1.1 մլն դոլար) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու՝  մայիսի 24-ի նիստին:

Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ կայարանի շահագործման հանձնելու ժամկետները կախված կլինեն շինարարական աշխատանքների ծավալից։ «Հատկացված միջոցները կուղղվեն աշխատանքների առաջին փուլի ֆինանսավորմանը»,- հավելեց նա։

Փոխքաղաքապետ Ստեփան Մաչայանի խոսքով՝ մետրոյի կայարանի կառուցումը 30-ից 100 մլն դոլար կարժենա:

Հիշեցնենք, որ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման մրցույթը շահել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Կայարանի բացումը 2018-ի սեպտեմբերին մայրաքաղաքային ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության գլխավոր նախընտրական խոստումներից էր, սակայն առայժմ խոսքը միայն նախագծային աշխատանքների մեկնարկի մասին է։