Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Այս պահին դատարանը քննում է պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար։

Ալումյանը հայտնեց, որ մայիսի 17-ին նամակով դիմել է գլխավոր դատախազին եւ խնդրել տեղեկություն տրամադրել՝ թե ի՞նչ հիմնավորմամբ է որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Պաշտպանը նաեւ խնդրել է տրամադրել կա՛մ համապատասխան որոշման պատճենը, կա՛մ հայտնել՝ թե ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվել այդ գործով։ Սակայն մինչ օրս գլխավոր դատախազից պատասխան չկա։ Նույն խնդրով Ալումյանը դիմել է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանել են, որ օրենքով նախատեսված չէ այդ տվյալների տրամադրումը։

Ալումյանը դիմեց դատախազներին, որ նրանք տրամադրեն այդ տվյալները պաշտպաններին կամ դատարանին, ինչին ի պատասխան նախագահող դատավորն ասաց, որ դատարանը չի կարող պարտավորեցնել մեղադրող կողմին։ «Եթե անհրաժեշտ համարեն, կներկայացնեն», - նշեց Դանիբեկյանը։

Այնուհետեւ Ալումյանը տեղեկացրեց, որ դիմել է մեկ այլ գործով պաշտպան Ամրամ Մակինյանին, ներկայացրել է դատական նիստի տեսաձայնագրությունը եւ խնդրել նրան տեղեկություն տրամադրել իր պաշտպանյալի վերաբերյալ։ Նամակին ի պատասխան Մակինյանը տրամադրել է Հակակոռուպցիոն կոմիտեի Քննչական երրորդ վարչության պետի պաշտոնակատար Հրաչ Մուշեղյանի 22․11․2021 թ․-ի որոշումը։ Ներկայացնելով փաստաթուղթը դատարանին՝ Ալումյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով, քանի որ պատասխանի մեջ գրվածը, ինչն էլ պետք է հետազոտվի, վերաբերում է սույն դատավարության հետ մասնակից չհանդիսացող անձին։

Այս պահին դատավարությունը շարունակվում է փակ դռների հետեւում։