Ռուսաստանը ժամկետների հետեւից չի ընկնում Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության ընթացքում՝ նացիզմը պետք է 100 տոկոսով արմատախիլ անել, հակառակ դեպքում այն գլուխ կբարձրացնի արդեն մի քանի տարի հետո, «Аргументам и фактам»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Մենք ժամկետների հետեւից չենք ընկնում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով ռազմական գործողության իբր ուշացման մասին որոշ մարդկանց մտահոգությանը վերաբերող հարցին։

«Նացիզմը կա՛մ պետք է 100 տոկոսով արմատախիլ անել, կա՛մ այն արդեն մի քանի տարի հետո գլուխ կբարձրացնի, ընդ որում՝ ավելի այլանդակ ձեւով»,- նշել է Պատրուշեւը:

Պատրուշեւը նաեւ մեկնաբանել է Ուկրաինայում նեոնացիստների գոյության վերաբերյալ Արեւմուտքում արտահայտված կասկածները։ «Հավանաբար արեւմուտքցիները չեն հանի իրենց վարդագույն ակնոցները այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացի գազանաբարո ավազակները չեն սկսել մոլեգնել իրենց փողոցներում»,- ասել է նա: Ռուսաստանի ԱԽ քարտուղարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Եվրոպայում։ Նա հիշեցրել է Բուֆալոյում վերջերս տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը։ «Կուզեի ամերիկացիներին հարցնել, թե որն է տարբերությունը սուպերմարկետում մարդկանց վրա կրակող նեոնացիստի եւ «Ազով»-ի գրոհայինների միջեւ, որոնք տարեցտարի ամեն օր նվաստացրել եւ ոչնչացրել են Դոնբասի խաղաղ բնակչությանը»,- ասել է Պատրուշեւը:

Դոնբասը պաշտպանելու համար հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած բոլոր խնդիրները կկատարվեն, ասել է Պատրուշեւը։ «Ռուսաստանի նախագահի կողմից դրված բոլոր նպատակները կկատարվեն։ Այլ կերպ լինել չի կարող, քանի որ ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական, մեր կողմն է»,- պատասխանել է Պատրուշեւն այն հարցին, թե ինչպես է գնահատում հատուկ գործողության հաջող ավարտի հնարավորությունները։

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է գեներալ Միխայիլ Սկոբելեւի խոսքերն այն մասին, որ միայն Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին կարեկցանքից ելնելով կռվելն է։ «Կարեկցանքը, արդարությունը, արժանապատվությունը հզոր միավորող գաղափարներ են, որոնք մենք միշտ դրել ենք եւ կդնենք որպես անկյունաքար»,- հավելել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Պատրուշեւը նաեւ ընդգծել է, որ «Ուկրաինայի ճակատագիրը կորոշի նրա տարածքում ապրող ժողովուրդը»։ Նա նշել է, որ Ռուսաստանը «երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը», այլ, ընդհակառակը, օգնել է տարբեր երկրներին պաշտպանել իրենց պետականությունը։