Մայիսի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանք Ստեփանավանի Երիտասարդական փողոցում հայտնաբերեցին և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 21 և 22 տարեկան երկու երիտասարդի։ Ըստ երիտասարդների բացատրության՝ մայիսի սկզբին մտել էին Ստեփանավանի մի բնակչի տան ավտոտնակը և գողացել հաստոց ու զոդման սարք: Տուժողին պատճառվել էր մոտ 1 միլիոն դրամի վնաս։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժած տղամարդու ինքնությունը։ Նրանից հաղորդում է ընդունվել։

Գողոնը վերադարձվել է տուժողին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։