ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքը դատավոր Արշակ Վարդանյանի վարույթից վերցրել եւ փոխանցել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից։

Մենք տեղեկացանք, որ դատարանի նախագահը բողոքը մակագրել է ձեռքով։

NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ իրեն չէր էլ հանձնվել կազմի նյութերը. «Մենք հետո համակարգչով նայեցինք, տեսանք, որ իսկապես ինձ է մակագրվել, բայց հետագա այլ գործընթացներից տեղեկություն չունեմ` թե ինչու եւ ինչ կարգով վերամակագրվեց։ Այստեղ ավելի շատ այն դատավորի խնդիրն է, որին ձեռքով մակագրվել է նման գործ է ստանում, բայց այն դատավորը, որն այդ գործը չի էլ ստացել, անելիք չունի»։

Դիտարկմանը, որ մակագրման համակարգիչը վերագործարկվել է, սակայն կան գործեր, որոնք ձեռքով են մակագրվում, Վարդանյանն ասաց. «Ես վերջին ժամանակահատվածում ինչ գործ որ ստացել եմ, բոլորը մակագրման համակարգչով են մակագրված եղել ինձ։ Դատարանի նախագահը պիտի մտածի այդ մասին, կարգ կա, որը պետք է պահպանել։ Միգուցե ԲԴԽ-ի կողմից կայացված որոշում կա, չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի եւ Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի կալանավորումը։ Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ պահանջում են այդ առիթով քրեական գործ հարուցել: