Թուրքիան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ Ֆինլանդիայից եւ Շվեդիայից ՆԱՏՕ-ին անդամակցությանը համաձայնելուց առաջ։ Այս մասին երեքշաբթի Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է դադարեցնեն աջակցությունն ահաբեկիչներին, մենք նրանցից գրավոր համաձայնություն ենք ուզում կոնկրետ քայլերի մասով։ Շվեդիան եւ Ֆինլանդիան ցանկանում էին պատվիրակություններ ուղարկել մեզ մոտ, եւ մեր նախագահն ընդունել է այդ առաջարկը՝ ասելով, որ մեր առաջնահերթությունը դիվանագիտությունն է»,- նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։

Անկարայի՝ Ստոկհոլմին եւ Հելսինկիին ուղղված մյուս պահանջը պատժամիջոցների վերացումն է հանրապետություն պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման նկատմամբ:

Չավուշօղլուի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարող է բանակցություններ վարել Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ՝ այդ թեման քննարկելու համար։ «Սա առաջարկել է Սթոլթենբերգը»,- հավելել է նա՝ չհստակեցնելով, թե երբ եւ որտեղ կարող է անցկացվել այդ հանդիպումը: