ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի ժամը 17:30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ միջնորդության քննումն ընթանում է փակ դռների հետեւում։ Այս առնչությամբ փաստաբանը մանրամասներ ու հիմնավորումներ չհայտնեց։

«Հիշեցնեմ, որ խափանման միջոցի վերացման հարցը քննարկվում է արդեն երկրորդ նիստի ժամանակ։ Ամբողջ փակ հատվածը վերաբերում էր հիմնավորումներին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 17.30-ին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդությունը վերաբերում է 2 միլիարդ դրամի գրավի վերացմանը։ «Դա աննախադեպ գումար է։ Միջնորդել ենք մի շարք պատճառներով, այդ թվում՝ այն ​​պատճառով, որ չկան ռիսկեր, որոնք կանխելու համար անհրաժեշտ է այդ միջոցը»,- ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է մեկ այլ գործի հիշատակմանը, ապա, փաստաբանի խոսքով, հենց դա էլ որպես հիմք է վերցվել միջնորդության համար: Սակայն, թե ինչ գործի մասին է խոսքը, Ալումյանը եւս չհայտնեց: