Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են քաղաքացիական անձինք լինել։ Այս մասին երեքշաբթի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ Զինված ուժերը, ի տարբերություն ուկրաինականների, չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են խաղաղ բնակիչներ լինել։ Հակառակորդի հայտնաբերված կրակակետերն ու մարտական ​​օբյեկտները խոցվում են գերճշգրիտ զինատեսակներից»,- հայտնել է նա:

Նախարարն ընդգծել է, որ շրջապատված բնակավայրերից բնակիչների դուրս գալու համար լռության ռեժիմ է հայտարարվում եւ մարդասիրական միջանցքներ են ստեղծվում, ինչը դանդաղեցնում է հարձակման արագությունը։ «Բայց դա գիտակցաբար է արվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- պարզաբանել է Շոյգուն: