Հայաստանում, ըստ ԿԲ կանխատեսումների, առաջիկայում բարձր գնաճային միջավայրի պահպանում է սպասվում։ Այս մասին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2022 թվականի արդյունքներով, ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, 12-ամսյա գնաճը կանխատեսվում է մոտ 7 տոկոսի սահմաններում։ «Այս կապակցությամբ ԿԲ-ն մարտին բարձրացրեց տոկոսադրույքը 1.25 տոկոսով։ Գնաճի եւ գնաճային սպասումների կարգավորմանն ուղղված հետգնաճային դրամավարկային քաղաքականության շրջանակներում ենթադրվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կսկսի նվազել եւ միջնաժամկետ կտրվածքով կայունանալ 4 տոկոս նպատակային մակարդակում»,- հավելեց Գալստյանը։