2022 թվականի սկզբին ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ տնտեսական ակտիվության ուժեղ վերականգնում է դիտարկվում։ Հայաստանում 12-ամսյա գնաճը ավելի արագ է նվազել, քան սպասվում էր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սակայն, ըստ նրա, փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը եւ Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսական գործընթացների առումով։ «Բավականին բարձր անորոշությունների եւ բազմակողմ ռիսկերի ձեւավորման պայմաններում Կենտրոնական բանկը իրավիճակի հետագա զարգացման մի շարք սցենարներ է մշակել, որոնցից մեկն ընկած է դրամավարկային քաղաքականության ընթացիկ ծրագրի հիմքում։ Ըստ այս սցենարի՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով այս տարի սպասվում է երկրների, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային եւ հիմնական գործընկերների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում։ Ռուսաստանի դեպքում սպասվում է տնտեսական անկում»,- հայտնեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ էներգակիրների համաշխարհային շուկաներում եւ պարենային ապրանքների շուկաներում գնային միջակայքը շարունակում է զգալիորեն ընդլայնվել։ Միաժամանակ աճում են սպասելիքները՝ կապված գների աճի հետ։ «Այդ գործընթացները եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող կոշտ պատժամիջոցները էական բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, ինչը հիմնականում կանդրադառնա արդյունաբերական աճի տեմպերի դանդաղման եւ դրամական փոխանցումների կրճատման վրա»,- ընդգծեց Գալստյանը։

Նրա խոսքով, տնտեսական աճի ցուցանիշը զգալիորեն նվազել է եւ, ըստ ԿԲ կանխատեսումների, կկազմի 1,6 տոկոս։