Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան  շնորհավորել է տիկին Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ կարևորելով ընտանիքում բռնության, ատելության խոսքի դեմ պայքարում գործուն միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։

Քննարկվել է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի համատեղ ծրագրի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր համատեղ ծրագրային ուղղություններ։

Քրիստիննե Գրիգորյանն ու Նինո Լոմջարիան պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա շփումների ու փոխայցելությունների վերաբերյալ։