Հենրի Քիսինջերը Արեւմուտքին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսական ուժերին ջախջախիչ պարտության մատնելու փորձերը՝ զգուշացնելով, որ դա աղետալի հետեւանքներ կունենա Եվրոպայի երկարաժամկետ կայունության համար, գրում է The Telepgraph-ը։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը եւ «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-Չինաստան մերձեցման ճարտարապետը Դավոսի ֆորումում ասել է, որ Արեւմուտքի համար ճակատագրական կլինի, եթե նա ենթարկվի պահի տրամադրությանը եւ մոռանա Ռուսաստանի պատշաճ տեղը եվրոպական ուժերի հավասարակշռության մեջ:

Քիսինջերն ասել է, թե չի կարելի թույլ տալ, որ պատերազմը երկար ձգվի։ «Բանակցությունները պետք է սկսվեն մոտակա երկու ամիսների ընթացքում, քանի դեռ բանը չի հասել ցնցումներին ու լարվածությանը, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի։ Իդեալականն այն կլինի, որ բաժանարար գիծը նախկին վիճակին վերադարձվի: Դրանից հետո պատերազմի շարունակությունը կլինի ոչ թե Ուկրաինայի ազատության համար, այլ կլինի նոր պատերազմ հենց Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Նա Համաշխարհային տնտեսական ֆորումին հայտարարել է, որ Ռուսաստանը 400 տարի եղել է Եվրոպայի կարեւոր մասը եւ կրիտիկական պահերին եվրոպական ուժերի հավասարակշռության երաշխավորը: Եվրոպական առաջնորդները ուշադրությունից չպետք է բաց թողնեն ավելի երկարաժամկետ հարաբերությունները եւ չպետք է Ռուսաստանին Չինաստանի հետ մշտական դաշինքի մղելու ռիսկի դիմեն:

«Հուսով եմ, որ ուկրաինացիները իմաստնությամբ կհամապատասխանեն իրենց հերոսությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրի ճիշտ դերը չեզոք բուֆերային պետություն, այլ ոչ թե Եվրոպայի սահման լինելն է: