Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առանց այս թեմային անդրադառնալու չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման, այս մասին NEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչ նկատի ուներ, երբ Բրյուսելում մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը անդրադառնալու անհրաժեշտությունը։

«Նախագահ Միշելն ընդգծել է այն փաստը, որ, իր կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների շուրջ բանակցություններից բացի, կարևոր է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդրին։ Միջպետական հարաբերությունները, բնականաբար, շատ կարևոր են և պետք է կարգավորվեն։ Մենք շատ լավ գիտենք, որ իրավունքներն ու անվտանգությունը միջէթնիկական համատեքստում եղել են հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը: Առանց այս թեմային անդրադառնալու մենք չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման։

Ինչ վերաբերում է կարգավիճակին և ինքնորոշմանը, ԵՄ-ն միշտ ունեցել է հստակ դիրքորոշում՝ մենք կաջակցենք ցանկացած համաձայնագրի, որը կերաշխավորի երկարաժամկետ կայուն լուծում։ Խաղաղության գործընթացները սովորաբար ուղեկցվում են վախերով, հույզերով, շահարկումներով և սխալ մեկնաբանություններով, դա բնական է»,– ասել է նա:

Տոյվո Կլաարը նշել է, որ այս համատեքստում «կարևոր է, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ, որպեսզի հասարակությունները հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչ է քննարկվում»։

«Նաև լարվածությունը թուլացնելու և հռետորաբանությունը թուլացնելու անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն ողջունեց ապրիլի 13-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արած արտահայտությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի վերջին դիրքորոշումը թշնամության էջը շրջելու և հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար, լինի դա էթնիկ հայ բնակչությունը, թե վերջին ռազմական գործողություններից տեղահանված անձինք, ապահով և դրական ապագա ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ»,– ասել է նա: