Որքան գիտեմ, Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպման ժամանակ կոնկրետ էքսկլավների/անկլավների հարցը չի քննարկվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով այն հարցին, թե «Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ եւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցում» ձեւակերպումը, որը նշված է հանդիպման արդյունքով հայտարարության մեջ, նշանակում է արդյոք հնարավոր տարանցում Հայաստանի կողմից Ադրբեջանին այն տարածքների փոխանցման դեպքում, որոնք Բաքուն համարում է իր էքսկլավները։

«Առաջնորդները դիտարկել են ընդհանուր սկզբունքներ, որոնք հիմք կապահովեն ապագա տարանցման եւ միջազգային երթեւեկության կառավարման համար, երբ ենթակառուցվածքները բացվեն: Մանրամասները կմշակեն փոխվարչապետերը։

Որքան գիտեմ, մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ղեկավարների կողմից կոնկրետ էքսկլավների/անկլավների հարցը չի քննարկվել։ Կարծում եմ, որ այս հարցը որպես օրակարգային առանձին հարց նրանց կողմից չի քննարկվել նաև նախկին հանդիպումների ժամանակ»,-ասաց նա։

Հարցին, թե տեղյակ է արդյոք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ որեւէ պայմանավորվածության մասին, որի մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եւ ​​որը հերքվել է հայկական կողմից, Տոյվո Կլաարն ասաց.

«Այս կոնկրետ ասպեկտի վերաբերյալ ուզում եմ կրկնել, որ Բրյուսելում քննարկումները վերաբերում էին փոխկապակցման հնարավորությանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության վերականգնման սկզբունքներին՝ երկու երկրների ինքնիշխանության հիման վրա։

ԵՄ-ն երբեմն օգտագործում է նաեւ «տրանսպորտային միջանցք» եզրույթը, երբ խոսքը ԵՄ-ի ներսում ճանապարհների կամ երկաթգծերի մասին է։

Այստեղ կարևոր է շեշտել, որ երկու կողմերն էլ բացահայտորեն ընդունել են, որ վերաբացվելիք  հաղորդակցությունների հետ կապված պետությունների իրավասության սահմաններից դուրս տարածքային պահանջներ չեն եղել։ Լավ կլինի, որ այս հարցում հստակություն լինի, քանի որ դա մեզ թույլ է վերացնել մտահոգությունները եւ սխալ պատկերացումները, որոնք երբեմն առաջանում են այս համատեքստում, որտեղ վստահությունը դեռ պետք է խորացվի:

Կողմերը քննարկել են նաեւ սահմանային հսկողության, անվտանգության գործնական մեխանիզմները, իսկ երրորդ երկրներ միջազգային բեռնափոխադրումների դեպքում՝ նաև մաքսերի հարցը։

Մենք, մեր հերթին, հուսով ենք, որ առաջնորդների միջեւ կիրակի օրը կայացած քննարկումը ճանապարհ կհարթի  ճանապարհների ապաշրջափակման համար»,-հավելեց Կլաարը։