44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ 40 ծնող, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով, մայիսի 20-ին Քննչական կոմիտեի հրավերով հանդիպում են ունեցել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպումը լարված է անցել, քանի որ ծնողները Քյարամյանից պահանջել են հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին։

«Ինքը դրան վատ արձագանքեց, մենք էլ յոթ օր ժամանակ տվեցինք իրեն՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու համար։ Եթե չկատարվեց մեր պահանջը, մենք կհրապարակենք հանդիպման մանրամասները։ Սա է մեր պայմանն է, որը մենք կպահպանենք, որովհետեւ բարոյականություն ունենք՝ ի տարբերություն շատերի»,- նշեց զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։