Ցանկացած շենք, որ շրջափակում ենք, սահմանված ժամանակ չկա, շրջափակում ենք այնքան, որքան ժողովուրդը ցանկանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվել ՀՀ  քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետեւ չեն սպասարկում մեր պետության շահերը: Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարեւոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության,  ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում  տեղի են ունենում հմաժողովրդական ընդվզման ակցիաներ, որեւէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ  ծրգրերին, որովհետեւ ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով: Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. «Դա ամենեւին պատահական չէ, ԱԽ քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, որ ամեն օր եւ ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել: Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը եւ թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետեւ իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: