Ադրբեջանը շատ է շտապում, քանի որ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ վարելու մանդատ չունի։ Այս մասին մայիսի 25-ին նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասել է, որ Հադրութի եւ Շուշիի ապաօկուպացիան, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խթանումը բխում է Հայաստանի շահերից, 2021 թվականի սեպտեմբերին նա այլեւս չէր արտասանում «Արցախ» բառը, իսկ հիմա հասել են «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» ձեւակերպմանը։

«Ինչո՞վ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը՝ մեզ տանելով այս զիջումներին։ Ի վերջո, նա գիտի, որ իր հեռանալով իրավիճակը կփոխվի, բայց փորձում է բանը հասցնել նրան, որ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը չի մարմնավորում հայ ժողովրդին, որը միշտ պայքարել է, զարգացել ու զարգացրել»,- հավելեց պատգամավորը։