Իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են. երկրում իրավիճակ է փոխվել, երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում, եւ այն մարդիկ, որոնք երթերին չեն մասնակցում, ողջունում են մեզ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այս իշխանությունները իշխանությունն ընդունել են որպես իրենց բարեկեցությունը լավացնելու միջոց: Այդ պարագայում, արդեն անձնական բարեկեցությունը բարձրացնելու միջոց: Տեսնում եք, որ այս իշխանությունը, սկսած վարչապետի աթոռը զբաղոցնող անձից վերջացրած մինչեւ վերջին պաշտոնյա, թաքնվում են ոստիկանական ուժերի հետեւից»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ընդդիմադիրները իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ Աժ-ում, այդ թվում հարցուպատասխանների ժամանակ, Վանեցյանն ասաց. «Առհասարակ, երբ այս խորհրդարանը ձեւավորվել է, ես հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետեւ համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է, անպատասխանատու, սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն անիմաստ է: Նաեւ հայտարարել եմ, որ ԱԺ-ում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում, ժողովրդի հետ»:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: