Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի պատճառով եվրոգոտում ֆինանսական պայմանները վատացել են, փոխանցում է DW-ն։

Հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների եւ հումքային ապրանքների գների բարձրացման եւ մեծացրել է ինֆլյացիայի ու տնտեսական աճի ռիսկերը:

«Ուկրաինայում սարսափելի պատերազմը մարդկային հսկայական տառապանքներ է պատճառել»,- ասել է ԵԿԲ փոխնախագահ Լուիս դե Գինդոսը: «Այն նաեւ մեծացրել է ֆինանսական կայունության ռիսկերը, քանի որ ազդել է տնտեսական գործունեության գրեթե բոլոր ասպեկտների եւ ֆինանսավորման պայմանների վրա»:

Ըստ ԵԿԲ-ի՝ խոցելիությունը կարող է աճել՝ կապված հակամարտության անորոշ բնույթի հետ։

ԵԿԲ-ն առաջարկել է «կապիտալի բուֆերի ավելի արդյունավետ կառուցվածք»՝ կորուստները կլանելու ֆինանսական հաստատությունների կարողությունը բարելավելու համար: