Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, հուսով ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների անվտանգության եւ պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։

Կողմերը եւս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սահմանների սահմանազատման եւ այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների շրջանակներում աշխատելու համար։

Կողմերը քննարկել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, իսկ երրորդը՝ Բրյուսելում։