Չեմ կարծում, հանրապետության այս նախագահից որեւէ ակնկալիք պետք է ունենալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայից սկիզբ առած երթի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Նախագահական նստավայրը շրջափակելու խորհուրդն այն է, որ ժողովուրդն է որոշում, թե որտեղ փակվի, որտեղ բացվի: Թե չէ նախագահից ակնկալիք չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, թե ընդդիմության հանրահավաքները մարդաշատ չեն, նա ասաց. «Բնականաբար, պետք է փորձեն իրենց թիմի ներսում համոզել, որ անհանգստանալու բան չկա, բայց իհարկե, շատ անհանգիստ են, որովհետեւ տեսնում են, թե ինչպես է շատանում քանակը, նաեւ մարդկանց վճռականությունն է շատ մեծ»:

Նա կոչ արեք մարդկանց միանալ իրենց շարժմանը, մի կողմ դնել անձնական ամբիցիաները. «Այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, որեւէ անձի կամ ուժի սատարելու հարց չի: Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: