Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ավարտվել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7 վթարավտանգ կետերի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ յոթ վթարավտանգ կետերից մեկը գտնվում է Վայոց ձորի մարզում (կմ147+700-կմ148+922), վեցը՝ Սյունիքում (կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228)։

Կապալառուն՝ «Արհովշին» ընկերությունը, վթարավտանգ հատվածներում իրականացրել է ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, որոշ տեղամասերում կատարվել է նաև ասֆալտապատում։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

Տեղեկացնենք նաև, որ այս պահին ընթանում են տարբեր ավտոճանապարհների 20 վթարավտանգ կետերի ճանապարհային երթևեկության անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման նախագծման աշխատանքներ։