Իտալիան եւ Հունգարիան ցանկանում են, որ ԵՄ-ն Ուկրաինայում հրադադարի եւ Ռուսաստանի հետ բանակցությունների կոչ անի, ինչը տարաձայնություն է առաջացրել մյուս անդամ երկրների հետ, որոնք ցանակնում են հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ կոշտ դիրքորոշում ստանձնել Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում:

Մայիսի 30-31-ը կայանալիք գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության փաթեթում, որը հայտնվել է Reuters-ի տիրապետության տակ, Եվրամիությունը բնութագրվում է որպես «անդրդվելի Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ ինքնապաշտպանության գործում օգնելու իր ձգտման հարցում»: Փաստաթղթում չեն մատնանշվում խաղաղ բանակցությունները:

Աղբյուրների խոսքով՝ ԵՄ ներկայացուցիչների ուրբաթօրյա հանդիպմանը ներկա Իտալիայի դեսպանն առաջարկել է փոփոխություններ անել տեքստում՝ հայտարարելով, որ այն պետք է առնչվի խաղաղ բանակցություններին եւ անհապաղ հրադադարի հաստատմանը՝ որպես ԵՄ առաջնային նպատակներից մեկը:  

Այդ առաջարկին կողմ են արտահայտվել Հունգարիան եւ Կիպրոսը, որոնք ընդգրկված են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի հարցում առավել ծայրահեղ տրամադրություններ ունեցող երկրների շարքում:  

Հունգարիան դեմ է հանդես գալիս նավթային էմբարգոյին, իսկ Կիպրոսը մտահոգված է Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույքի վաճառքի սպասվող արգելքով:

Դիվանագետների փոխանցմամբ՝ Բալթիկ երկրներն ու Լեհաստանը կոշտ գծի պաշտպաններից են, իսկ Լատվիան կոչ է արել առավել հստակ ձեւակերպումներ սահմանել՝ ռազմական օգնությունն ավելացնելու համար:

Դիվանագետներից մեկի խոսքով՝ նախատեսված փաթեթը պետք է ներկայացվի ԵՄ ներկայացուցիչների հանդիպումից հետո: