Վրաստանին «հստակություն եւ ադեկվատ ու ակտուալ արձագանք» է անհրաժեշտ Եվրամիության կողմից իր եվրոպական նկրտումներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի «ԵՄ՝ իր հարեւանների հետ գործընկերության վերաիմաստավորում» պանելային քննարկման ժամանակ, գրում է Agenda.ge-ն։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ վրացիները «շատ թանկ գին» են վճարել 1990-ականներին անկախության վերականգնումից հետո. մեկ տասնամյակում երկու կոնֆլիկտ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, Ռուսաստանի հետ «լայնածավալ պատերազմը» 2008-ին:

«Մենք հասկանում ենք այն անհանգստությունը, որ կա Եվրամիությունում, քանի որ նրանք չեն ցանկանում այդ բոլոր խնդիրները «ներմուծել» եվրոպական ընտանիք: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ թեկնածուի կարգավիճակ տալն անդամակցություն չի ​​նշանակում։ Դա դեռ երկար գործընթաց է: Մենք դա հասկանում ենք։ Մենք ունենք մեր տնային առաջադրանքը՝ Ասոցացման համաձայնագիրը [ԵՄ-ի հետ]: Բայց մեզ հստակություն, ադեկվատ եւ ակտուալ արձագանք է պետք Եվրամիության կողմից»,- ասել է Ղարիբաշվիլին:

«Ուզում եմ ձեզ հիշեցնել 2008 թ. [Ռուսաստանի հետ] պատերազմի մասին։ Այն ժամանակ, ցավոք, մենք չտեսանք այն միասնությունը, որն այսօր կա [Ուկրաինայի հետ]։ Մենք ողջունում ենք այդ միասնությունը։ Դա հրաշալի է։ Դա ամբողջ աշխարհի, քաղաքակիրթ աշխարհի շատ ուժեղ արձագանքն է»,- ասել է նա:

Ղարիբաշվիլին նաեւ նշել է, որ Վրաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը կողմ է այն գաղափարին, որ «Վրաստանը պետք է եվրոպական ընտանիքի անդամ դառնա»։ «Կրկին, դա [պարզապես] մեր կառավարության ընտրությունը չէ։ Մենք ձգտել ենք, մենք դարեր շարունակ փորձել ենք մոտենալ Եվրամիությանը։ Մենք դարեր շարունակ փորձել ենք քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալ։ Այժմ մենք պետք է արդարացնենք մեր ժողովրդի ակնկալիքները, քանի որ մեր տեսանկյունից մենք շատ հավատարիմ ենք եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը։