Մայիսի 23-ի երեկոյան, ժամը ութին մոտ, ահազանգ ստացվեց ոստիկանության Մարտունու բաժնում: Ներքին Գետաշեն գյուղի կոնդենսատորների նախկին գործարանի տարածքում տնօրենը հայտնաբերել էր գործիքներ, ինչը ենթադրել էր տալիս, որ շենքում գողեր կարող են լինել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Ներքին Գետաշեն: Փակվեցին գործարանից դուրս գալու ուղիները, ինչից հետո ոստիկանները ներս մտան: Տնօրենի ենթադրությունը ճիշտ էր. Մարտունու ոստիկանների միջոցառումն արդյունք տվեց: Գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Պարզվեց, որ ժամը 18-ին մոտ, կոտրելով պարսպի դռան կողպեքը, նա մտել էր նախկին գործարանի տարածք և քանդել մալուխներ, անջատիչներ ու թողարկիչներ:

Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: