Արցախում այսօր՝ մայիսի 25–ին, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների պահանջով Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվելու։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ կուսակցությունների ղեկավարներին տեղեկացվել է ԱԽ նիստի մասին։

«Ես վստահ էի, որ նախագահը քաղաքական ուժերի պահանջը կատարելու է։ Հաշվի առնելով, որ քաղաքական ուժերն էին դիմել, եւ ոչ թե խորհրդարանական խմբակցությունները, քաղաքական ուժերի ղեկավարներին արդեն տեղեկացրել են, որ այսօր ԱԽ նիստ է լինելու։ Դա քմահաճույքի բավարարում չէր էլի, այլ բրյուսելյան հանիդպման շուրջ քննարկման առաջարկ»,– ասաց Դավիթ Գալստյանը։

Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ նիստը լինի, հաղորդագրություն կտարածվի։

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը եւ անելիքները:

Նամակը ստորագրել էին «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները: