Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը բացառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու Արեւմուտքի նպատակաուղղված գործողությունը:

«Մեզ համար գործում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության անհերքելի սկզբունքները։ Մենք ցանկանում ենք հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Եթե նպատակաուղղված մահափորձ կատարեինք, մենք մեզ Պուտինի հետ նույն հարթության վրա կդնեինք։ Ես կտրականապես մերժում եմ դա»,- ասել է նա գերմանական Welt թերթին տված հարցազրույցում։

Շալենբերգը հաստատել է, որ «Ավստրիայի չեզոքությունը սասանելու» անհրաժեշտություն չի տեսնում: «Բայց մի բան պետք է հստակ լինի՝ չեզոքություն չի նշանակում ինքնին անվտանգություն: Մենք աշխարհաքաղաքական նոր առճակատման փուլում ենք։ Չեզոք երկիրը պետք է կարողանա պաշտպանել իրեն և ազգային պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալ։ Մենք ցանկանում ենք և հիմա պետք է բարելավենք մեր պաշտպանական հնարավորությունները»։