Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կողմ է արտահայտվել Ուկրաինայի «աստիճանական ինտեգրմանը» ԵՄ-ին: «Դա հնարավոր է»,- ասել է Շալենբերգը գերմանական Welt պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեպքում ԵՄ-ն «անդամակցություն չի խոստանում»: «Մինչեւ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, եթե այն ընդհանրապես տեղի ունենա, դեռ շատ ժամանակ կա»: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է հստակ ազդակ տա Ուկրաինային այն մասին, որ «երկիրը եվրոպական կենսակերպի մի մասն է եւ ամրագրված է մեր արժեքների համակարգում»:

«Տեսնենք, թե ինչպես դա տեղի կունենա: Կասկածում եմ, որ թեկնածու երկրի կարգավիճակը միակ լուծումն է Ուկրաինայի համար»,- ասել է գործիչը:

Մյուս կողմից՝ Շալենբերգը հստակ քայլերի կոչ է արել ԵՄ-ին Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցության հարցում: