Մայիսի 24-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթը կազմակերպվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունների, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից։ Մրցույթին մասնակցեցին շուրջ 100 թիմ։

Փակման արարողության ժամանակ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և հովանավորներ CodeSignal, OneMarket Data ընկերությունների և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները մրցանակներ և դիպլոմներ հանձնեցին հաղթողներին։  Դիպլոմներ ստացան առաջին 27 տեղերն զբաղեցրած թիմերը։ 

Մասնակիցների առաջ դրված խնդիրները վերաբերում էին ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC), այլ նաև ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետմանը, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի էին հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Հաղթող ճանաչվեց Space (Սամվել Անդրեասյան, Մեսրոպ Անդրեասյան) թիմը։ Եվս երկու թիմ՝ TiMvOrQ (Վահագն Ալթունյան, Արսեն Համբարձումյան) և Return of Dzec! Dzuk (Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) ստացան առաջին կարգի դիպլոմ։ Երկրորդ կարգի դիպլոմներ ստացան 13, իսկ երրորդ կարգի՝ 10 թիմ։