Մեր ժողովուրդն արդեն ձեւակերպել է Ղարաբաղի հարցի օրակարգը: Որեւէ իշխանություն չի կարող Արցախի ժողովրդի կամքին հակառակ որեւէ բան անել: Այս մասին մայիսի 25-ի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Կան նախապայմաններ, առանց որոնց խնդրի հայանպաստ լուծումն անհնար է։ Մենք դա ենք պահանջելու գործող իշխանությունից, եւ այդ սկզբունքներով պետք է առաջնորդվի նաեւ նոր իշխանությունը։

Առաջին նախապայմանը` Արցախի կարգավիճակի հարցը, պետք է լուծվի այն տրամաբանությամբ, որը նշված է Արցախի Սահմանադրության մեջ: Մենք դա կարմիր գիծ ենք կոչում: Արցախն Ադրբեջանին հանձնելը պետք է բացառվի, քանի որ դա հայաթափման կհանգեցնի՝ Նախիջեւանի օրինակով, որտեղ անցյալ դարասկզբին բնակչության 40 տոկոսը դեռ հայ էր, իսկ այսօր այնտեղ հայեր չկան։

Մյուս նախապայմանը անկլավային իրավիճակի բացառումն է։ Եթե ​​Հայաստանի հետ ցամաքային կապն ապահովված չլինի, ապա կրկին կկանգնենք Ղարաբաղում հայապահպանության խնդրի առջեւ՝ Արծվաշենի օրինակով, որտեղ կրկին հայ չի մնացել։

Երրորդ նախապայմանը հենց Արցախի ուժերով անվտանգության ամրապնդումն է՝ որպես Արցախի անկախության երաշխավոր Հայաստանի մասնակցությամբ եւ ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությամբ, քանի դեռ Արցախի իսկապես անվտանգ գոյությունը երաշխավորված չէ։

Առաջին երկու բաղադրիչները կարելի է պաշտպանել բանակցությունների միջոցով։ Իսկ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե դա անհնար է, սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը:

Ժողովուրդը լավ հասկացել է, թե ինչ է կատարվում. պետք է փրկել Արցախը՝ Հայաստանը պաշտպանելու համար։ Եթե ​​մենք մեր հայրենիքը չպաշտպանենք, կկորցնենք գոյության մեր հնարավորությունները տարածաշրջանում։ Պետք է հզորացնել բանակը, ոչ թե թուլացնել, պետք է հասարակության մեջ ամրապնդել միասնությունը, այլ ոչ թե թույլ տալ, որպեսզի պառակտումը խորանա»,- նշեց պատգամավորը։