Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը  դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։

Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է.

«ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին»։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ է բերել Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասով։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։

Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: