Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ նիստին կառավարության ժամին,  պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Պատգամավորների՝ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման անցկացման վայրերի դերի մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դա այդքան էլ կարեւոր չէ։ Նա չբացառեց, որ հետագայում այդ հանդիպումները կանցկացվեն ինչպես Երեւանում, այնպես էլ Անկարայում։

«Այս պահին կարող եմ միայն ասել, որ, ցավոք, որքան էլ խոսվի առանց նախապայմանների գործընթացի մասին, մեր թուրք գործընկերներն այն սինխրոնիզացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զարգացող հարաբերությունների հետ։ Նրանք դա իրենց նարատիվի մի մասն են դարձնում»,- ասաց Միրզոյանը:

Նրանք, ըստ Միրզոյանի, դա նախապայմանի չեն վերածում, սակայն այդ մոտեցումը գործընթացն ու մթնոլորտն ավելի կառուցողական չի դարձնում:
Այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են։ «Բայց, ցավոք, շոշափելի առաջընթաց դեռ չկա։ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է կարգավորել հարաբերությունները եւ բացել սահմանները: Նույնը կցանկանայինք տեսնել Թուրքիայից։ Ես արդեն ասացի ադրբեջանական նարատիվի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տարբեր ժեստերի մասին»,- ընդգծեց արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Թուրքիան փակել է սահմանը՝ որպես Ադրբեջանին աջակցության նշան: