Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն եկել Բրյուսելում կայացած բանակցություններից հետո արված հայտարարության ձեւակերպումների շուրջ։ Այս մասին մայիսի 25-ին ԱԺ նիստին կառավարության ժամին, մեկնաբանելով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հնչեցրած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  տեղի ունեցած քննարկումներին աջակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առնվազն երկու համանախագահող երկիր: Ընդ որում, ՌԴ նախագահի հետ իր համատեղ հայտարարության մեջ նշվում է ղարաբաղյան կարգավորման կարեւորությունը եւ այդ առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներուժի օգտագործումը։

«Բնականաբար, Բրյուսելում ղարաբաղյան հակամարտության հարցով շատ լուրջ քննարկում է տեղի ունեցել։ Եւ այդ քննարկումների արդյունքում արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,- պարզաբանեց Փաշինյանը։ Այդ տարբերությունների մասին, ինչպես նշեց Փաշինյանը, ասվել է հրապարակային։ Մասնավորապես, Բաքուն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Հայաստանը վստահ է, որ դա այդպես չէ։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր բանակցությունների համատեքստում Բաքուն ներկայացրել է իր 5 առաջարկները, իսկ Երեւանը՝ իր դիտարկումներն ու օրակարգը։ «Հենց այդ հիմքի վրա էլ պետք է վարվեն հետագա բանակցությունները։ Մեր առաջարկած սկզբունքներում արձանագրված են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաեի՝ վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- ընդգծեց վարչապետը։

Քանի որ, նրա խոսքով, կողմերը քննարկումների ժամանակ ձեւակերպումները չեն համաձայնեցրել, Եվրախորհրդի ղեկավարը որոշել է ինքն ասել այն, ինչը, իր կարծիքով, երկու կողմերի դիրքորոշումներն արտացոլող հնարավորինս շատ էլեմենտներ կներառեր:

«Թե որքանով դա ստացվեց, որքանով է դա ճշտգրիտ, այլ հարց է։ Բայց մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, եւ այդ դիրքորոշման մեջ, բնականաբար, որեւէ փոփոխություն չկա։ Մենք շարունակելու ենք հետեւողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը: