Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում սակագնային արտոնություն կիրառեց Հայաստան ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի ապրիլի 15-ի «Բնական սերուցքային կարագի մասով Մաքսային միության Հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի N58 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է սակագնային արտոնության1500․0 տոննայի չափով սերուցքային կարագիներմուծման թույլատրելի ծավալ։ Որոշման դրույթների կիրարկումն ապահովելու  համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը:

Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող  սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Նշենք, որ Հայաստան ներմուծվող կարագի մատակարարման հիմնական շուկաներից էին հանդիսանում Ուկրաինան եւ Ռուսաստանը, իսկ ներկայումս ընթացող ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի անկայունությունը անհնարին են դարձնում վերոնշյալ շուկաներից անխափան մատակարարումների իրականացումը։

Հիմք ընդունելով նշվածը նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորման շրջանակները, ՀՀ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելիս, տարածել Հայաստան կարագ ներմուծող բոլոր ՀՀ տնտեսվարող սուբյեկտների վրա։