Թուրքական կողմը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում եւ ջանք չի խնայում հակամարտության երկու կողմերի հետ բանակցելու համար։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահին առընթեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին։

«Մենք՝ թուրքական կողմը, միայն խաղաղություն ենք ցանկանում տարածաշրջանում։ Մենք հակամարտության շարունակություն եւ ձգձգում չենք ցանկանում, մենք միշտ դեմ ենք եղել դրան։ Բայց հակամարտությունն արդեն ընթանում է, այստեղ որեւէ մեկին մեղադրելն անիմաստ է։ Միակ երկիրը, որն անկեղծորեն պայքարում է այս հակամարտությունը դադարեցման համար, Թուրքիան է։ Բոլորը դա տեսնում են։ Ոչ ոք չի տեսնում, որ Արեւմուտքն այժմ անկեղծ ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու համար։ Իսկ Թուրքիան անկեղծորեն ջանք չի խնայում բանակցելու թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ՝ հակամարտությանը վերջ տալու համար: Դա արդեն ամբողջ աշխարհն է տեսնում»,- թերթին պատմել է նա։

Սաֆին հույս է հայտնել, որ թուրքական կառավարությունը բանակցային փուլում դրական արդյունքների կհասնի՝ հավելելով, որ ուկրաինացի եւ ռուս ժողովուրդը՝ բոլորը մեր հարեւաններն են, մեր եղբայրները։ Ուստի մենք սգում ենք եւ ցանկանում, որպեսզի դա դադարեցվի։ Դրա համար մենք շատ բան ենք անում՝ ինչ կարող ենք:

Թերթի թղթակիցը նաև հարցրել է ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառման մասին՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինք մտնելու վերաբերյալ դիրքորոշման պատճառով։ «Ոչ, չեմ կարծում, որ Թուրքիային կլինի հեռացնել ՆԱՏՕ-ից։ Այսինքն, անկեղծ ասած, չեմ կարծում, որ դրան կհասնի։ Բայց, իհարկե, եթե Թուրքիան մնա դաշինքում, ապա դաշինքի անդամ մյուս երկրները նույնպես պետք է կատարեն նրա որոշ պահանջներն ու ցանկությունները։ Օրինակ՝ ինչպես Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ կապված վերջին դեպքում. չես կարող միաժամանակ լինել մի դաշինքի գործընկերներ եւ նույն ժամանակ աջակցել  խմբի անդամի թշնամի երկրներին: Ուստի միանգամայն բնական է, որ Թուրքիան Ստոկհոլմին եւ Հելսինկիին խնդրում է դադարեցնել այդ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը։ Բայց չեմ կարծում, որ դա կհասնի ՆԱՏՕ-ից դուրս գալուն, ինչպես դուք եք ասում։ Կարծում եմ, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան, այնուամենայնիվ, կհամաձայնեն կատարել Թուրքիայի պահանջները»,- ասել է Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամը։

Սաֆին նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից Թուրքիայի վրա ճնշում չի գործադրվում, որպեսզի ստիպեն զիջումների գնալ դաշինքին անդամակցության համար Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դիմումների վավերացման հարցում։ «Բայց կարելի է ասել, որ Թուրքիան մի փոքր ավելի մեծ ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա նույն հարցում։ Մենք վաղուց զգուշացրել ենք ԱՄՆ-ին դադարեցնել աջակցությունը Սիրիայում YPG ահաբեկչական կառույցներին։ Մեկ-երկու անգամից ավել զգուշացրել ենք նրանց։ Այս դեպքում, երբ կրկին հնչում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի թեման, մենք նորից կրկնում ենք մեր պահանջը՝ դադարեցնել աջակցությունն ահաբեկիչներին»,- ասել է նա։