Հնդկական միության Ջամու եւ Քաշմիրի տարածքում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է շրջանի ոստիկանությունը:

Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղի հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ամրին Բհաթը։ Ողբերգության պահին նա իր 10-ամյա զարմիկի հետ էր։ Տղան վիրավորվել է ձեռքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման երեք անդամները։ Բուդգամի շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակվել է, հանցագործների որոնման օպերացիա է իրականացվում։

Չորեքշաբթի պակիստանամետ զինված խմբավորումների զինյալները կրակ էին բացել Ջամույում եւ Քաշմիրում ոստիկանի տան ուղղությամբ։ Նա մահացել է, դուստրը վիրավորվել է: Հաղորդվում է, որ այս տարի տարածաշրջանում ահաբեկչական հարձակումների հետեւանքով ավելի քան 20 ոստիկան է զոհվել։