ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու խորհրդականները գաղտնի ժամանել են Սաուդյան Արաբիա՝ թագավորության իշխանություններին նավթի արդյունահանումն ավելացնել համոզելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ երեք ներկա եւ նախկին պաշտոնյաներին։

Նշվում է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը եւ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը Էր Ռիադ էին այցելել մայիսի 24-ին:

Ըստ Axios-ի՝ Սպիտակ տունը միջնորդ է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ Էր Ռիադի եւ Երուսաղեմի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում: Այդպես, Եգիպտոսը Կարմիր ծովում գտնվող Տիրան եւ Սանաֆիր կղզիները պետք է հանձնի Սաուդյան Արաբիայի թագավորությանը:

Բացի այդ, Վաշինգտոնը խնդրում է Էր Ռիադին ավելացնել նավթի արդյունահանումը։ Այդպիսով, ԱՄՆ նախագահը ցանկանում է նվազեցնել գազի գինն ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ եւ ռուսական նավթի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հասնել: