Սիրիայի հյուսիսում նախատեսվող նոր օպերացիայի ընթացքում թուրքական բանակի հիմնական թիրախը կդառնան ահաբեկիչների օբյեկտները Թել Ռիֆաթ եւ Մանբիջ շրջաններում, գրում է Sabah թերթը։

Օպերացիայի մասշտաբներն ու նպատակները կքննարկվեն հինգշաբթի Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Նիստին, ինչպես նշում է թերթը, որոշում կկայացվի օպերացիայի մեկնարկի ժամկետի մասին: Չի բացառվում, որ այն սկսվի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո։

Ըստ Sabah-ի՝ թուրքական բանակի՝ 2016-ից ի վեր Սիրիայի հյուսիսում հինգերորդ օպերացիայի նախապատրաստումն ավարտվել է, իրականացվել է տարածքի հետախուզում, օդային եւ հրետանային հարվածների կետային թիրախները հայտնաբերվել են հիմնականում այն ​​շրջաններում, որտեղ ԱՄՆ-ն դուրս է բերել իր ստորաբաժանումները: Օպերացիային նախատեսվում է ներգրավել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, անօդաչու սարքեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ցամաքային զորքերի հրետանի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օպերացիան նախատեսվում է իրականացնել չորս շրջաններում՝ Թել Ռիֆաթում, Այն ալ Արաբում, Այն Իսայում եւ Մանբիջում։