Երեւանում, այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնակման տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մաշտոցի մասնաճյուղի ծառայողները, ովքեր անհրաժեշտ գործողություններ են կատարել, որպեսզի տապալված սյունը փոխեն նորով և էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։