Մինչեւ 2023-ի վերջ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունող կայան կստեղծվի։ Այս մասին մայիսի 26-ին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայի փոփոխության մոնիտորինգի եւ այլ ոլորտներում»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս» փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակակիրներ, մշակույթի գործիչներ։

Նրա խոսքով, Հայաստանի առաջնահերթությունը երկրում տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումը եւ տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է: