Զիմբաբվեում այս մայիսին տարեկան ինֆլյացիան հասել է 131,7 տոկոսի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է հարավաֆրիկյան South African Broadcasting Corporation ռադիոկայանը՝ վկայակոչելով Զիմբաբվեի ազգային վիճակագրական գործակալության տվյալները։

Վերջին տասը ամսվա ընթացքում Զիմբաբվեում տարեկան ինֆլյացիան առաջին անգամ գերազանցել է 100 տոկոսը, ասվում է գործակալության զեկույցում։ Ապրիլին տարեկան ինֆլյացիան եղել է 96,4 տոկոսի մակարդակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամսական կտրվածքով այս ամիս ինֆլյացիան կազմում է 8,7 տոկոս։

Զիմբաբվեի կառավարությունն արդեն գների աճի համար մեղադրել է «դիվերսանտներին», որոնք իրենց գործողություններով նպաստում են ազգային արժույթի արժեզրկմանը, նշում է ռադիոկայանը։ Այժմ Զիմբաբվեում սննդամթերքի եւ վառելիքի գների զգալի աճ է նկատվում։ Երկրում ակտիվացել են նաեւ արհմիությունները, որոնք աշխատավարձերի բարձրացում են պահանջում կյանքի թանկացման պայմաններում: