ՀՀ կառավարությունը չի գիտակցում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու ԳՀՓԿ-ի (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխանատնքներ, անգլ․՝ R&D, Research and Development) նպատակային զարգացման միջև եղած ուղղակի կապը, հայտարարում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ստարտափի համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը։

Ըստ նրա՝ այդ է վկայում հստակ պետական նպատակների և հավակնոտ ռազմավարական ծրագրերի բացակայությունը տարբեր ոլորտներում, հատկապես՝ պաշտպանական։ «Միգուցե կառավարությունը գիտակցում է, բայց կարողություն չունի, բայց դա չի փոխում դրությունը: Այս գործը շատ կարևոր է և պետք է արվի։ «Գիտուժ» նախաձեռնությունը բարձրացնում է այս հարցը, քանի որ համարում է, որ ԳՀՓԿ աշխատանքների հարցում արագ և լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, մենք ժամանակ չունենք հապաղելու», - ասաց նա։

Ինչպես պարզաբանեց Տիգրան Շահվերդյանը, ԳՀՓԿ-ն ավելի լայն հասկացություն է, քան զուտ գիտական հետազոտությունները։ Այն բաղկացած է տարբեր մասերից, որոնք տարբեր ձևերով և սկզբունքներով են զարգանում ու աշխատում։ Ընդհանուր առմամբ ԳՀՓԿ աշխատանքների ծրագրերը իրականացվում են կոնկրետ ոլորտների խնդիրների վերհանման և դրանց լուծման համար։ Ու քանի որ առավել հաճախ այս աշխատանքների լավագույն կատարողները նախարարություններից ու կառավարությունից դուրս են գտնվում, վճռական է պետական պատվերի ձեւավորումն ու իրականացումը։

«Երբ, օրինակ, որևէ նախարարություն նպատակներ է դնում իր պատասխանատվության տակ գտնվող բնագավառի խնդիրները լուծելու համար, այդ լուծման գործիքներից մեկը հենց ԳՀՓԿ աշխատանքներն են, որոնք էլ ապահովում են նորարարությունները», - պարզաբանեց նա։

Այսօր Հայաստանում ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերը իրագործվում է ընդամենը երկու կառույցի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմում գտնվող Գիտության կոմիտեի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմում գտնվող Ռազմարդյունաբերական կոմիտեի միջոցով։ Ինչպես նշեց Տիգրան Շահվերդյանը, ֆունդամենտալ գիտության ոլորտում նախորդ տարվանից որոշակի առաջընթաց է դիտվում՝ ավելացել է ֆինանսավորումը, դրանով գործարկվել են նոր ծրագրեր, բայց դրանց մասշտաբը դեռևս համազոր չէ անհապաղ լուծումներ պահանջող խնդիրներին։ Այստեղ, նրա խոսքով, պետք է համակարգային մոտեցում, այլ ոչ թե ինչ-որ տեղային լուծումներ։

«Կառավարությանը թվում է, թե հիմնարար հետազոտությունների բյուջեն ավելացնելուց հետո իրենք լուծել են գիտության հարցը և կարող են հանգստանալ», - նշեց նա:

Ըստ Տիգրան Շահվերդյանի՝ հիմնարար գիտությունը զարգացման մի քիչ այլ գործիքներ է պահանջում, և դրա զարգացման նպատակը գիտական համայնքի և ենթակառուցվածքների ստեղծումն է, որոնք ծառայում են հասարակության, պետության և/կամ ընկերությունների առջև ծառացած խնդիրների լուծմանն արդեն ԳՀՓԿ-ի ձևով։

«Այն գումարները, որ ավելացվել են, ուղղվել են Գիտկոմի մշակած ծրագրերի իրականացմանը։ Դրանք իրենց գնահատման չափանիշներն ունեն, գումարները նպատակային են ծախսվում», - ասաց նա, նշելով, որ, այնուամենայնիվ, երբ փորձում ես գնահատել, թե ինչպես է դա վերափոխելու ողջ գիտական համակարգը, օրինակ՝ ինչպես է ընդլայնվելու գիտական համայնքը, տեսնում ես, որ պլան չկա։ Երբ փորձում ես արտապատկերել այդ նախագծերը կառավարության ծրագրի ժամանակահատվածի վրա (մինչև 2026 թ.), տեսնում ես, որ նախատեսված տեմպերով գիտական համայնքի օրեցօր փոքրացումը չի կանխվում։

Այսպես, Հայաստանի գիտական համայնքը տարեկան կորցնում է մոտ 200 հոգի։ Այդ կորուստը լրացնելու երկու աղբյուր կա՝ գիտական կարիերա ընտրող ասպիրանտների թվի ավելացում՝ երկրի ներսում և գիտնականների ներգաղթի ապահովում՝ արտասահմանից, մասնավորապես՝ Սփյուռքից։

«Ասպիրանտների մասով ունենք աղետալի վիճակ, քանի որ հանրապետությունում գումարային ընդամենը 200 պետական ասպիրանտական տեղ կա ու շատ քչերն են համալրում գիտական համայնքը։  Այսինքն, գիտնականների թվի աճ չի ապահովվում։ Գիտնականների ներգաղթով անհրաժեշտ աճը կարող ենք ավելի շուտ ապահովել։ Այդ նպատակով իրագործվող ծրագրերն իրենց բնույթով շատ լավն են, բայց մասշտաբներն ուղղակի ծիծաղելի են։ Դրանք իրականացվում են հետևյալ տրամաբանությամբ՝ եթե այս տարի մի 15-20 հոգի տեղափոխվի Հայաստան, լավ է։ Նույնիսկ այդ լավ ծրագրերը ոչինչ չեն փոխի, եթե շարունակեն իրագործվել այդ փոքր մասշտաբներով։ Մեկ է գիտական համայնքը կործանվում է։ Եվ դրա հետ մեկտեղ խնդրի այն մյուս մասում, որտեղ պետությունը պետք է գիտական համայնքի ներուժն օգտագործի իր խնդիրները լուծելու համար՝ հստակ ԳՀՓԿ պատվեր ձևավորելով, այդտեղ լրիվ անդունդային վիճակ է», - նշեց նա.

Ըստ «Գիտուժի» ներկայացուցչի՝ այդ նպատակի համար միակ բյուջե ունեցող կառույցը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն, այսօր առհասարակ անհասկանալի վիճակում է։ Այն երկու տարի չուներ նախագահ, բյուջեն էլ ավելացնելու ու ավելի հավակնոտ ծրագրեր իրագործերլու փոխարեն ամբողջույթամբ չի իրացվել։ Եվ դա այն դեպքում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև։

Ինչպես պարզաբանեց Տիգրան Շահվերդյանը, 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, իսկ 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։

2021 թվականի վերջին կառավարության երկու որոշումներով այդ ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ: Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունեցել նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ 295 մլն դրամ։

Ըստ նրա՝ քանի որ 2021 թվականին Ռազմարդյունաբերական կոմիտեի գումարները վերաբաշխվել են տարվա վերջին, ապա կարելի է ենթադրել, որ տարվա ընթացքում չեն կարողացել ծախսել, ինչը շատ վատ է։ Բայց գոնե տրամաբանական է, որ տարվա վերջին որոշվել է չծախսված գումարներն այլ տեղ ծախսել։ «Այդ պահին դա երևի ճիշտ որոշում է, բայց դա նշանակում է, որ դրանից առաջ շատ վատ են աշխատել։ Բայց այս տարի արդեն ապրիլի սկզբին է կառավարության որոշումով վերաբաշխում կատարվել ԳՀՓԿ բյուջեից, որը բացարձակապես անընդունելի է», - նշեց նա։

Տիգրան Շահվերդյանը չգիտի, թե ինչու է ԲՏԱ նախարարությունը նման որոշումներ կայացրել։ Որոշ լրատվամիջոցների հարցումներին նախարարությունից պատասխանել են, որ դա փակ տեղեկատվություն է։ Դրա հետ մեկտեղ նախարարությունից հնչում են արդարացումներ, որ խնդիրը գումարը չէ, այլ հայտերի և կամ լավ նախագծերի բացակայությունը։

«Աբսուրդ է նման մոտեցումով պետական պատվեր զարգացնելը։ Եթե չեն դիմում, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ և փորձել լուծել այդ խնդիրը։ Պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ օրինակ, երկրում չկան այդ գիտական կամ ինժեներական խմբերը։ Այդ դեպքում որպես Ռազմարդյունաբերության կոմիտե ի՞նչ եք անում, որ այդ խմբերը ձևավորվեն, որո՞նք են ծրագրերը։ Գուցե՞ պետք է գնալ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտե և ասել՝ ինձ պետք է այսպիսի խմբեր ձևավորվեն, եկեք համատեղ աշխատենք։

Կամ էլ եթե այդ խմբերը կան, բայց չեն դիմում, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու՞։ Գուցե՞ նախորդ տարիներին դիմել են, խնդիրներ են առաջացել, այլևս չե՞ն ուզում պետության հետ գործ ունենալ», - ասաց նա, հավելելով, որ համայնքի հետ շփումներից երևում է, որ այդպիսի խնդիր կա։ Ըստ Տիգրան Շահվերդյանի՝ այս ծրագրերը գնումային տրամաբանությամբ են իրականացվում, հստակ ժամկետում պետք է արդյունք ներկայացնել, բայց երբ գործ ունես գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքի հետ, դա միանշանակ պլանավորվող պրոցես չէ, կան որոշակի ռիսկեր։

«Այդտեղ նույնիսկ բացասական արդյունքն արդյունք է։ Դա էլ է գիտելիք, որի վրա կարող ես կառուցել հաջորդ քայլը։ Ծրագրերը, կարգերը, թե ինչպես են այդ դրամաշնորհները տրամադրվում, մրցույթներն անցկացվում, պետք է ի սկզբանե հաշվի առնեն տեխնոլոգիական ռիսկերը։ Ուրիշ հարց է, եթե մարդիկ գործ չեն արել, կամ միջոցները նպատակային չեն ծախսել, այդ դեպքում պետք է հետաքննություն անցկացնել։ Իսկ եթե մարդն իսկապես քրտնաջան գործն արել է, բայց նախատեսված արդյունքը չի ստացել, դա չի նշանակում, որ արդյունք չկա ու դրա համար պետք է քրեական գործ հարուցել», - նշեց նա, հավելելով, որ այս ծրագրերի դեպքում ժամկետների հարցում ևս պետք է ճկունություն ցուցաբերել, որովհետև կարող են լինել դեպքեր, որ փորձանմուշը ոչ թե չի ստացվել, այլ դեռ լրամշակման կարիք ունի։

Մեկ ամիս առաջ «Գիտուժ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում փաստել է, որ «առանց պետական նպատակների հստակեցման և հավակնոտ ռազմավարական ծրագրերի Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար կլինի»։ Հայտարարության մեջ թվարկված են մի շարք միջոցներ, որոնք նախաձեռնությունն առաջարկում է ձեռնարկել շատ կարճ ժամկետներում։

Մեկնաբանելով այդ հայտարարությունը, Տիգրան Շահվերդյանը նշեց, որ ամենակարևորը գիտակցումն է, որ առանց ԳՀՓԿ ծրագրերի մեջ հավակնոտ ներդրումների ու պատվերի մենք չենք ունենա ո՛չ անվտանգություն, ո՛չ զարգացում, և այս սկզբունքը հարկավոր է օրենքով ամրագրել։

«Շեշտեմ։ Ոչ թե պետք է ուղղակի աննպատակ ծախսել գումարները, այլ պետք է ծախսեր անել ըստ երկրի նպատակների։ Ու շատ կարևոր է այդ ծախսերի չափաբաժնի հանձնառությունն ամրագրել», - ասաց նա.

«Գիտուժ» նախաձեռնությունն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել, որ 2024 թվականից ԳՀՓԿ աշխատանքներին ուղղվող միջոցները կկազմեն ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը։ Ըստ Տիգրան Շահվերդյանի՝ շատ կարևոր է, որ այդ դրույթն ամրագրվի հենց օրենքում, և չմնա խոստումների և բարի կամքի դրսևորումների հույսին։ Եվ դա ազդակ կլինի հայաստանյան հանրությանը և Սփյուռքի երիտասարդությանը ու գիտնականներին, որ դա այլևս պետության հանձնառությունն է։ Դա նրանց կտա վստահություն իրենց մասնագիտական ապագան Հայաստանի հետ կապելու հարցում։

Ընդ որում, դա անելու դեպքում մինչև 2024 թվականը պետական կառույցներն ու մասնավոր համայնքը ուժերը միավորելու և Հայաստանի համար առանցքային ոլորտների ռազմավարություններ մշակելու ժամանակ կունենան։ Մասնավորապես՝ պաշտպանական, հայագիտական, արհեստական բանականության, տիեզերական, կենսատեխնոլոգիաների և ագրոտեխնոլոգիաների բնագավառների համար: Այդ ռազմավարությունները պետք է լինեն պետական կարիքներից բխող, չափելի թիրախներով, միջոցառումների ցուցակով և հստակ բյուջեով։

«Այս ուղղությունների համար ռազմավարությունները մենք կարող ենք մշակել, այդ ներուժը մեր մասնավոր և գիտական համայնքն ունի։ Բայց պետք է կառավարության ներսում հանձնարարական լինի կոնկրետ պատկան մարմնին ու պաշտոնյային, որ հստակ ժամկետներում սա պետք է արվի», - նշեց նա։

Տիգրան Շահվերդյանի ներկայացմամբ, աշխարհում ԳՀՓԿ հիման վրա երկրների զարգացման տարբեր պրակտիկաներ կան։ Երկրներ կան, որտեղ ամեն նախարարություն ունի հատուկ ԳՀՓԿ բաժին և բյուջե։ Կան երկրներ, որտեղ այդ գործառույթը մեկ ընդհանուր կառույց է կատարում։ Նա համարում է, որ Հայաստանում կարելի է սկսել որոշ բնագավառների համար հատուկ կառույցներ ձևավորելուց։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունում՝ իր պատասխանատվության տակ գտնվող բնագավառների համար:

«Ես ավելին կասեմ, օրինակ, ինչո՞ւ արտգործնախարարությունը չունի ԳՀՓԿ բյուջե։ Պետք է ունենա, ԳՀՓԿ ծրագրերը միայն STEM ուղղությունների համար չեն, դրանք նաև հասարակական և հումանիտար գիտություններում՝ մասնավորապես, հայագիտության մեջ առկա խնդիրները լուծելու համար են։ Ինչո՞ւ իրենք չունեն իրենց խնդիրների համար հետազոտական պատվեր, որը կտան ոչ միայն Հայաստանի գիտնականներին։ Պատվեր, որի դիմաց կստանան ինչ-որ արդյունք, ու այդ գիտելիքը կծառայեցնեն իրենց գործն ավելի լավ անելու համար», - նշեց նա։  

Տիգրան Շահվերդյանը տեղյակ է, որ եղել են դեպքեր, երբ ԳՀՓԿ ռազմավարություններ մշակվել և առաջարկվել են նախարարություններին, բայց դրանք այդպես էլ չեն ընդունվել։ Օրինակ, պաշտպանության բնագավառում։ Ինքն անձամբ անդամ է աշխատանքային խմբի, որը տիեզերական բնագավառի ռազմավարություն էր մշակում, բայց այդ խմբի աշխատանքն անհայտ պատճառներով ընդհատվել է, և այժմ, իր տեղեկություններով, ԲՏԱ նախարարությունը այլ  նախագիծ է դրել շրջանառության մեջ, որին աշխատանքային խումբը ծանոթ չէ։ Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամի՝ եթե հստակ թվային ցուցանիշներով և ժամանակացույցով հավակնոտ նախագիծ է, ապա խնդիր չկա։ Հստակ է մի բան՝ մենք հապաղելու ժամանակ չունենք, այսօրվանից պետք է սկսել այս աշխատանքների իրականացումը։

«Ես չգիտեմ՝ ինչի՞ կամ ո՞ւմ վրա ենք հույս դնում՝ հետաձգելով մեզ համար այս պահին կենսական այս հարցի լուծումը։ Ո՞վ է մեզ փրկելու, ինչ-որ տեխնոլոգիաներ տալու, մեր խնդիրները մեզ համար լուծելու, մեր անվտանգությունն ապահովելու, եթե մենք ինքներս չենք պարտավորվում, դա անելու հանձնառություն չենք վերցնում», - եզրափակեց նա։

Անահիտ Սարգսյան