Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հարավային Օսիայում հուլիսի 17-ին ՌԴ-ին միանալու հանրաքվեն Ռուսաստանի կողմից սադրանք է անվանել։

«Ռուսաստանի եւս մեկ սադրանքը, Հարավային Օսիայում հանրաքվեի եւ բռնակցման սպառնալիքը չի կարող մեր միջեւ առճակատում բորբոքել եւ չի ստիպի մեզ վերանայել մեր խաղաղության քաղաքականությունը։ Ռուսաստանը չպետք է եւս մեկ ճակատագրական սխալ թույլ տա։ Սա անպատասխան չի մնա եւ կառաջացնի միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,- ասել է նա՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Պետության ղեկավարը կրկնել է, որ հանրապետությունը ռազմական ուժ չի կիրառի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ։ «Ես եւս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ Աբխազիայի եւ Օսիայի մեր քաղաքացիներին եւ հաստատում, որ Վրաստանը որեւէ ռազմական եւ ուժային գործողություններ չի ձեռնարկի ձեր դեմ»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։ Միեւնույն ժամանակ նա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին առաջարկել է «միանալ եվրոպական ապագային»։