Ադրբեջանի իշխանությունները շարունակում են զոմբիացնել սեփական բնակչությանը: Հայատյացություն սերմանելու համար մեկ այստեղ, մեկ այնտեղ «հաղթանակի» թանգարաններ են բացվում, որտեղ ներկայացված է «հայ թշնամու» կերպարը:

Ալիեւների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական այդպիսի «թանգարանի» բացումը: Զանգելանում նույնիսկ ոչ թե թանգարան, այլ «օկուպացիայի եւ հաղթանակի» թանգարանների համալիր կհայտնվի։ Մայիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եւ Մեհրիբան Ալիեւան մասնակցեցին հիմնարկեքի արարողությանը։ Մանրամասները, ցավոք, հայտնի չեն, թեեւ դժվար չէ կռահել, թե ինչ եւ ինչպես այնտեղ կներկայացվի:

Բավական է հիշել 2021 թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված «պատերազմական ավարների պուրակի» մասին։ Այնտեղ ինչ ասես չկար: Հատկապես չկային «Իսկանդեր»-ների բեկորները, որոնք Ալիեւը խոստացել էր ներկայացնել։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսը ըմբռնում չգտավ անգամ ադրբեջանական հանցագործությունների հանդեպ, իհարկե՝ գազի եւ խավիարի դիմաց, տոլերանտ հավաքական Արեւմուտքի մոտ: Ամենից շատ դուր չեկան, ավելի շուտ, ցնցեցին հայ զինվորների մանեկենները, որոնց հետ բոլոր հետաքրքրված այցելուները կարող էին անել նույնը, ինչ ադրբեջանական զինուժը՝ գերի ընկած հայերի հետ: Մանեկեններին խնդրեցին հեռացնել. չափազանց պատկերավոր էր ստացվել։ Դուր չեկան նաեւ սաղավարտները՝ շատ էին Վերեշչագինի «Պատերազմի ապոթեոզ»-ի ոճով։ Այցելուները կարող են տանկեր, մարտական ​​մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, հրաձգային զենքեր եւ տրանսպորտային միջոցներ տեսնել: Պուրակում ընդհանուր ավելի քան 300 ցուցանմուշ կար, այդ թվում՝ ծանր տեխնիկայի մոտ 150 նմուշ։

Սեփական երկրի բնակչության զոմբիացմանը զուգահեռ՝ փորձ է արվում բթեցնել Հայաստանի եւ արտաքին գործընկերների զգոնությունը ամբողջ աշխարհում հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունության, խաղաղության եւ բարեկամության մասին խոսակցություններով։ Ընդ որում, դա արվում է մոտավորապես մեկը մեկին հարաբերակցությամբ՝ մեկ հայտարարություն Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու Բաքվի պատրաստակամության մասին, մեկ թանգարան թշնամի հայերի մասին։ Ինչպես ասել է պերեստրոյկայի դարաշրջանի նախաձեռնողներից եւ ոգեշնչողներից մեկը` կողմնորոշվե՛ք: