Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը:

Որպես Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը համակարգող և ոստիկանության բարեփոխումներով զբաղվող՝ նախարար Անդրեասյանը լիտվացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ակնկալելով ամրապնդել հետագա համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաև պարեկային ծառայությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: