Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ նոր հեռախոսազրույցները։

«Ապրիլյան Բրյուսելում կայացած հանդիպումից հետո մենք հեռախոսազրույց ենք ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Դա կապված էր Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշելէ, որ Ադրբեջանը հակառակ կողմին ներկայացրել է իր մոտեցումը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ։ «Այդ հեռախոսազրույցները կապված են հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ։ Ներկա պահին հաջորդ հեռախոսազրույցի օրը որոշված չէ։ Սակայն ես չեմ բացառում, որ անհրաժեշտության դեպքում նոր հեռախոսազրույցներ կլինեն»,- ասել է ԱԳ նախարարը։

Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ Բայրամովն ասել է, որ Բաքուն այն օգտակար է համարում։ «Հետպատերազմյան շրջանում ադրբեջանական պետությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Դա պարզապես մեկ քայլ չէ, այլ գործընթաց, որին նպաստում է բրյուսելյան հանդիպումը։ Մենք այս հանդիպումն օգտակար ենք համարում»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։